Հայաստանը ՀԱՊԿ-ում

Հայաստանը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ, Կազմակերպություն) հիմնադիր անդամ է:

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը (նստավայրը՝ Մոսկվա) հիմնվել է ՀՀ Նախագահի՝ 2012թ. հունվարի 16-ի Հրամանագրով:

Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն է, որն իրագործվում է անդամ պետությունների միջև բազմակողմ կապերի միջոցով:

Մինչ Կազմակերպության հիմնումը անդամ պետությունների միջև համագործակցությունը ծավալվել է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի (Պայմանագիր) հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին:
2002թ. մայիսի 14-ին Պայմանագրի մասնակից պետությունների ղեկավարների նստաշրջանի ժամանակ կայացվել է որոշում լիարժեք միջազգային կազմակերպության՝ Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության ստեղծման մասին: Նույն թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրվել են ՀԱՊԿ Կանոնադրությունն ու Կազմակերպության իրավական կարգավիճակի մասին Համաձայնագիրը:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրով սահմանվում է, որ «մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով (հոդված 2)»:

Պայմանագիրն ամրագրում է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ (հոդված 4)»:

Առաջնային կարևորություն ունի նաև այն հանգամանքը, որ անդամ պետությունների ռազմական բաղադրիչի ամրապնդման նպատակով Կազմակերպության շրջանակներում սահմանված են արտոնյալ պայմաններ ռազմատեխնիկական մատակարարումների համար:

Հայաստանի հետևողական ուշադրության կենտրոնում են Կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական համադրմանը, պաշտպանական (ռազմական) ներուժի ամրապնդմանը և մարտահրավերների ու սպառնալիքների հակազդմանն ուղղված նախաձեռնությունները:

ՀԱՊԿ մշտական ուշադրության տիրույթում է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Դա արտահայտվում է նաև անդամ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների խորհուրդների նիստերի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարություններում`

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հռչակագիր, 15 մայիսի, 2012թ.

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարություն, 23 դեկտեմբերի, 2014թ.

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հայտարարություն, 27 մայիսի, 2013թ.

Հիմնահարցի վերաբերյալ հայտարարություն ընդունվեց նաև 2016թ. հուլիսի 4-ին Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով:

ՀԱՊԿ շրջանակներում համապատասխան արձագանք են գտնում նաև համահայկական նշանակության հարցեր.

2013թ. ապրիլի 3-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի ընթացքում Կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարները հանդես են եկել Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա ծայրահեղականների հարձակումը դատապարտող հայտարարությամբ:

Սիրիայի վերաբերյալ հայտարարություն ընդունվեց նաև 2016թ. Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով:

Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում

2015թ. սեպտեմբերի 15-ին Հայաստանը հերթական անգամ ստանձնեց նախագահությունը ՀԱՊԿ-ում:

ՀՀ նախագահության առաջնայնություններն են`

  • «Մինչ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակումն ավարտին հասցնելը և այն 2016թ. ընդունելը

  • ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական համակարգման կատարելագործում` նկատի ունենալով միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին հավաքական հանձնարարականները: Համագործակցության ակտիվացում` ՀԱՊԿ մեկ կամ մի քանի անդամ պետությունների շահերին հակասող տարբեր նախաձեռնություններին և քայլերին հակազդման նպատակով

  • ՄԱԿ, ԵԱՀԿ, ՇՀԿ և այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ գործնական համագործակցության զարգացում` ելնելով միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, նեոֆաշիզմի, շովինիզմի և այլատյացության այլ դրսևորումների, արմատական նացիոնալիզմի տարածման դեմ համատեղ դիմակայելու շահերից

  • ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործում, այդ թվում` ՕԱՀՈՒ և միացյալ տարածաշրջանային զորքերը (ուժերը), նրանց օգտագործման հետ կապված որոշումների ընդունման և իրականացման օպերատիվության բարձրացում, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ներառյալ` Հայաստանում կայանալիք «Կոբալտ-2016» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում

  • ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանն ուղղված համատեղ աշխատանք

  • ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կառույց սահմանելու հարցի ուսումնասիրում

  • ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության և ռազմատնտեսական գործակցության խորացում ռազմաարդյունաբերական ոլորտում համատեղ ընկերությունների հիմնման միջոցով

  • ՀԱՊԿ լոգիստիկ ենթակառուցվածքի անվտանգության ապահովման հարցեր, այդ թվում երկաթուղիների տեխնիկական ապահովման միասնական համակարգի ստեղծման մասին 2003թ. Համաձայնագրի իրականացման միջոցով, ինչպես նաև ռազմական նշանակության բեռների տրանզիտի և փոխադրման ապահովման օպտիմալացում

  • ՀԱՊԿ հակաթմրանյութային ռազմավարության դրույթների, «Կանալ», «Նելեգալ», «Պրոքսի» օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացում: Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովմանը նվիրված համաժողովի անցկացում Հայաստանում 2016թ.

  • Կազմակերպության գործունեության կատարելագործում, այդ թվում Բարձր մակարդակի խմբի գործունեության վերսկսման միջոցով: